Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ապահովագրական ընկերությունների ամփոփ բնութագիրը հոկտեմբերի 1-ի դրությամբ։

Պարտադիր ավտոապահովագրության սկսումից հետո Հայաստանի ապահովագրական շուկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ապահովագրական 10 ընկերությունների ընդհանուր ակտիվները եղել են շատ փոքր՝ ընդամենը 19,7 մլրդ դրամ (մոտ 55 մլն դոլար)։ Համեմատության համար նշենք, որ առաջիկա 2-3 ամսում ապահովագրական ընկերությունները պարտադիր ապահովագրումից կստանան մոտ 12 մլրդ դրամ (մոտ 35 մլն դոլար)։ Այս հաշվարկի հիմքում ընկած են հետեւյալ ելակետային տվյալները՝
հանրապետությունում առկա է 400 հազար ավտոմեքենա, իսկ յուրաքանչյուր ավտոմեքենայից ապահովագրական վճարը կկազմի միջինը 30 հազար դրամ (մոտ 85 դոլար)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովագրական հատուցումների մակարդակը երբեք չի գերազանցել ապահովագրական գումարների 30 տոկոսը, կարելի է եզրակացնել, թե ինչ հսկայական շահույթներ կստանան ապահովագրական ընկերությունները պարտադիր ավտոապահովագրությունից։