Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 2-ին ընդունել է British Petrolium ընկերության գործադիր փոխնախագահ Էնդի Ինգլիսին, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։

Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», նշելով ընկերության եւ Ադրբեջանի միջեւ ուժեղ համագործակցության մասին՝ Էնդի Ինգլիսն ասել է, որ Ադրբեջանի նախագահի ղեկավարության ներքո կյանքի են կոչվում բազմաթիվ նախագծեր, այդ թվում նաեւ «Շահ Դենիզ-2» նախագիծը։ British Petrolium ընկերության գործադիր փոխնախագահը 2010-ը գնահատել է որպես Ադրբեջանի հետ համագործակցության ձեռքբերումների տարի։

Ալիեւն իր հերթին նշել է, որ այդ ընթացքում մեծ մասշտաբի աշխատանքներ են կատարվել եւ դրանք գնահատել որպես Ադրբեջանի եւ BP միջեւ երկարաժամկետ գործընկերության շարունակություն։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ BP միջեւ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն՝ կարեւորելով մի շարք նախագծերի շրջանակներում համագործակցությունը։