Հայաստանի եւ Արաբական միացյալ էմիրությունների միջեւ կարող է արդյունավետ համագործակցություն լինել միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության ոլորտներում, ինչպես նաեւ՝ զբոսաշրջության, շինանյութերի արտադրությունում, գյուղատնտեսական ապրանքների, քաղցրահամ ջրերի արտահանման բնագավառում։ Այսօր` նոյեմբերի 2-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով հայ-էմիրաթական գործարար համաժողովում:
Վարչապետի կարծիքով՝ արաբ գործարարների համար կարող է հետաքրքրություն ներկայացնել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում գյուղմթերքների վերամշակման եւ արտահանման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը։ «Նման լոգիստիկ սխեմա արդեն Արաբական Միացյալ Էմիրություններն իրականացնում է, որը շատ ուսանելի կլինի մեզ համար»,- ասաց վարչապետը։ Նա կարեւորեց նաեւ արաբ գործարարների այն առաջարկը, որ նմանատիպ գործարար համաժողովները լինեն պարբերական եւ կազմակերպվեն նաեւ ԱՄԷ-ում։




























