Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի հարցումը բավարարելու մասին Բելառուսի դատախազության որոշումը կբողոքարկվի։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է Լապշինի փաստաբանը։

Փաստաբանը նշել է, որ համապատասխան որոշումը կայացվել է հունվարի 17-ին, Ալեքսանդր Լապշինը որոշմանը ծանոթացել է հունվարի 18-ին։ Ըստ Բելառուսի օրենքների, փաստաբանները կարող են բողոքարկել այն 10 օրվա ընթացքում։ «Անկասկած որոշումը այդ ընթացքում պատշաճ ձեւով կբողոքարկվի»,- շեշտել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, դեմ են արտահայտվել Ալեքսանդր Լապշինի կալանավորմանը ու արտահանձնմանը՝ նշելով խոսքի ազատությունը պահպանելու կարեւորությունը։

  2011-2012թթ. Արցախ կատարած այցերից հետո Լապշինը հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում», սակայն 2016թ. հունիսին նա ուկրաինական անձնագրով այցելել էր Ադրբեջան: Այնուհետեւ նա մի քանի քննադատական հոդված էր հրապարակել այդ երկրի իշխանությունների մասին: Ադրբեջանը միջազգային հետախուզում էր սկսել հայտնի բլոգերի դեմ «Պետական սահմանի մասին» օրենքը եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:  

Բելառուսի իրավապահները դեկտեմբերի 15-ին ձերբակալել էին Լապշինին: Ադրբեջանը պահանջել էր իրեն արտահանձնել բլոգերին։