Արցախում կրտսեր սերժանտի կողմից 1 շաբաթ առաջ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ստացած վիրավորումը անհամատեղելի է կյանքի հետ:  Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ Գուրգեն Սարգսյանն ունի հրազենային վիրավորում ծնոտի շրջանում, որը վտանգ է սպառնում նրա կյանքին:

 «Ծանրագույն վիճակում է, ունի ծնոտի հրազենային վիրավորումը, որն անհամատեղելի է կյանքի հետ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու,  մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: