Հայաստանի կառավարությունը որոշել է հարկային համակարգում աստիճանաբար վերացնել հաստատագրված վճարները՝ դրանք փոխարինելով ընդհանուր հարկման ռեժիմով։ Այդ ուղղությամբ այսօր` նոյեմբերի 4-ին կատարվեց առաջին քայլը. կառավարությունն ընդունեց «Հաստատագրված վճարների մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է վերացնել մոտ 11 տեսակի հաստատագրված վճարներ (դրանց ընդհանուր թիվը 16 է)։

Այդ հարցը կառավարության օրակարգում հայտնվել է որպես լրացուցիչ՝ առանց հիմնավորող տեղեկանքների։ Այդ պատճառով ներկա պահին տեղեկատվություն չկա, թե հատկապես որ հաստատագրված վճարներից է ցանկանում հրաժարվել կառավարությունը։  Հայտնի է միայն, որ այդ ցանկում հայտնվել է հանրային սնունդը, որի վերաբերյալ պետեկամուտների կոմիտեն եւ Երեւանի քաղքապետարանը ներկայացրին առարկություններ։