Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հայաստանյան 21 բանկերից 9-ն օնլայն բանկինգի ծառայություններ է առաջարկում։ Դրանց թվում են՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Յունիբանկ», «Ամերիաբանկ», «Ինեկոբանկ», «ՊրոԿրեդիտ բանկ», «Կոնվերս բանկ», «Զարգացման հայկական բանկ» եւ «Հայէկոնոմբանկ»։ Հենց վերոնշյալ բանկերին էլ ուղարկեցինք հարցումներ օնլայն բանկինգի վերաբերյալ։ Սակայն միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, «Զարգացման հայկական բանկը», «Յունիբանկը» եւ «Պրոկրեդիտ բանկը» պատասխանեցին հարցմանը։ Մյուսներն, ըստ երեւույթին, օնլայն-բանկինգը գաղտնի են պահում։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» անհատական ինտերնետային բանկային ծառայությունը գործարկել է 2009 թ. հուլիսին, իսկ իրավաբանական անձանց համար նախատեսված HSBCnet ծառայությունը` 2008թ. մարտից:

Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները ինտերնետային բանկային ծառայության միջոցով կարող են իրականացնել հետեւյալ գործարքները՝ հաշիվների անվտանգ կառավարում ցանկացած վայրից, անվճար փոխանցումներ ՀՀ դրամով եւ բոլոր հիմնական արժույթներով ցանկացած ուղղությամբ, վարկերի եւ քարտերի անվճար մարումներ եւ այլն։ Բանկի իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները HSBCnet-ի միջոցով կարող են օգտվել անվճար խորհրդատվական ծառայությունից, ինչպես նաեւ իրականացնել հետեւյալ գործարքները՝ բանկում սպասարկվող հաշիվների հաշվեկշիռների եւ գործարքների արտացոլում իրական ժամանակում, Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ եւ այլ բանկերում սպասարկվող հաշիվների հաշվեկշիռների եւ գործարքների դիտարկում, բանկում սպասարկվող հաշիվների մինչեւ 180 օր պատմություն ունեցող գործարքների եւ հաշվեկշիռների դիտարկում, միջազգային եւ տեղական վճարումներ, միջհաշվային փոխանցումներ եւ այլն։ 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի անհատական ինտերնետային բանկային ծառայությունից օգտվողների քանակը 2010 թ. օգոստոսին հասել է 4500-ի, ինչը կազմում է բոլոր անհատ հաճախորդների 14 տոկոսը։

«Զարգացման Հայկական Բանկ»-ի կողմից առաջարկվող օնլայն-բանկինգի համակարգերից օգտվում են եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձինք, որոնց քանակն անընդհատ աճում է։ Սակայն այդ համակարգերից օգտվող հաճախորդների քանակն ու դինամիկան բանկը համարում է գաղտնի տեղեկատվություն: Բանկն առաջարկում է հետեւյալ օնլայն-բանկինգ ծառայությունները.

1. Բանկ-հաճախորդ համակարգ.

• Վճարումներ հաճախորդի բանկային հաշվից` ՀՀ դրամով եւ արտարժույթով

• Արտարժույթի առք ու վաճառք

• Հաշիվների շարժի ու մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն:

2. Ինտերնետ-Բանկ համակարգ.

• Վճարումներ հաճախորդի բանկային հաշվից` ՀՀ դրամով եւ արտարժույթով,

• Արտարժույթի առք ու վաճառք,

• Հաշիվների շարժի ու մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն,

• Հաճախորդի կողմից իր վարկերի մարումների եւ ավանդների համալրման հնարավորություն,

• Տարատեսակ տեղեկատուներից (ՀՀ բանկերի, արժույթների, BIC Directory)    եւ ստանդարտներից  (IBAN, RUR6) օգտվելու հնարավորություն

3. Ինտերնետ-Բանկ light համակարգ.

• Հաշիվների շարժի ու մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն

4. Ֆաքսիմիլային համակարգ.

• Վճարումներ հաճախորդի բանկային հաշվից` ՀՀ դրամով եւ արտարժույթով

• Արտարժույթի առք ու վաճառք,

• Հարցման միջոցով հաշիվների շարժի եւ մնացորդների վերաբերյալ տեղեկատվության ստացում:

«ՊրոԿրեդիտ Բանկից» տեղեկացրին, որ բանկը 2010թ. նոյեմբերի 1-ից իր հաճախորդ իրավաբանական անձանց տրամադրում է ProB@nking ինտերնետային բանկային ծառայությունները, իսկ նոյեմբերի 15-ից ծառայությունը կտրամադրվի բոլոր հետաքրքրված ֆիզիկական անձանց: Ինտերնետային բանկային ծառայությունները թույլ կտան հաճախորդներին կառավարել իրենց հաշիվները on-line, ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ, մասնավորապես՝ իրականացնել տարադրամի փոխանակում, ազգային եւ միջազգային փոխանցումներ, փոխանցել գումարներ մի հաշվից մյուսին, կատարել վճարումներ եւ այլն:

«Յունիբանկից» ստացված տեղեկատվության համաձայն՝ «Յունիբանկ»-ն առաջիններից մեկը հանրապետությունում առաջարկեց իր հաճախորդներին՝ օգտվել «Ինտերնետ բանկ- Հաճախորդ»  համակարգից եւ կառավարել բանկային հաշիվները ինտերնետի միջոցով: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ- Հաճախորդ»  համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային ծառայություն online ռեժիմում` հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետեւյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում  եւ տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում «գործառնական օր» համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի,  բանկային հաշիվներից քաղվածքի ստացում եւ տպագրում,   հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում եւ այլն:  «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորվում է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV եւ SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ներկայիս դրությամբ ֆիշինգի (ինտերնետային խարդախության տեսակ) դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող եւ բանկի անվանումը` 100 տոկոսով բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը, քանի որ անհնար է դառնում «Յունիբանկ»-ի անվամբ հավաստագրի գրանցումը: