Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը թերթի հետ զրույցում նշել է, թե քանի որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը սառեցված է, եւ հայկական կողմը հստակ ասել է, որ հաջորդ քայլն ակնկալում է հենց Անկարայից, հետեւաբար չի ակնկալվում, որ Հայաստանից այսօր նոր խոսք ասվի այդ ուղղությամբ:

Դիտարկմանը,որ Թուրքիայում պաշտոնյաները հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագիրը բացահայտ կապում են Ղարաբաղի հարցին, այդ դեպքում զանազան (ասենք՝ Կարսի նահանգապետի, ուրիշ այլոց) ստեպ-ստեպ ելույթները սահման բացելու մասին հակասության դրսեւորում չե՞ն, Գոչունյանը նշել է, թե  թուրքական հասարակությունն էլ շերտավորյալ հասարակություն է, եւ քանի որ Թուրքիան այսօր համարվում է ժողովրդավարական ուղղություններով զարգացող երկիր, պիտի տարբեր ձայներ, տարբեր մոտեցումներ լինեն` նորմալ է. «Այդ երեւույթը մեկ-մեկ Հայաստանում էլ կա, Թուրքիայում էլ կա, իրերի դրվածքն այն մասին է խոսում, որ այսօր Թուրքիան ԼՂ -ի խնդիրն է առնչակից դարձնում գործընթացին, Հայաստանն էլ դեմ է, որ Թուրքիան միջամուխ դառնա կարգավորման գործընթացին: Արցախի հակամարտության շուրջն արդեն հակադիր կեցվածքը երկկողմանի հարաբերությունները սառեցման հանգրվանի են հասցրած, ղարաբաղյան կարգավորման գործընթացը բավականին բարդ է»,- նշել է խմբագիրը՝ հանգելով այն մտքին, որ հայ-թուրքական ուղղությամբ պիտի սպասել երեւի, մինչեւ խնդիրը հասունանա: Ընդհանրապես, ըստ Գոչունյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների հետագան դժվար կանխատեսելի է, երկու մայրաքաղաքների կեցվածքները շատ հակադիր են, ընտրությունների հեռանկարը կա երկու երկրներում էլ, դրանք պետք է անցնեն, որ իշխանությունները վստահ զգան եւ արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժ ակնկալվի` դա հատկապես վերաբերում է թուրքական կողմին:

Հարցին, թե այս ընթացքում ինչ է փոխվել պոլսահայ համայնքի կյանքում, Գոչունյանը լավատեսական պատասխան է տվել եւ ասել, որ համայնքի կյանքում վերջին տարիներին փոփոխությունները միայն դրական են: