Կոռուպցիան բացասաբար է ազդում ՀՀ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, ներդրումների համար համապատասխան միջավայր ստեղծելու վրա, այն խոչընդոտում է պետության զարգացմանը: Այս մասին Հայաստանում մեկնարկած «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մասին ազդարարող ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Արշավի նպատակն է հայ հասարակությանը տեղեկացնել կոռուպցիայի կործանարար հետեւանքների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության կողմից արդեն իսկ մշակվել է կոռուպցիայի կանխարգելիչ մարմին ստեղծելու ծրագիրը: Գործադիրն փորձում է նորարարական եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ: Մենք օգտագործում ենք մեր մարդկային ներուժն ու էլեկտրոնային գործիքները՝ հնարավորինս թափանցիկ եւ մասնակցային կառավարում ձեւավորելու համար՝ նպաստելով կաշառակերության ռիսկերի չեզոքացմանը: Իսկ ռիսկերն առավել շատ են կրթության, առողջապահության, ոստիկանության եւ հարկային ծառայությունները, հետեւաբար առաջնայնության կարգով թիրախավորվել են հենց այս ոլորտները»,- ասել է փոխնախարարը:
Սուրեն Քրմոյանի խոսքով, եթե նախկինում կոռուպցիայի դեմ ռազմավարությունը մեր երկրում իրականացվում էր բոլոր ոլորտներում միաժամանակ, ապա այժմ ռազմավարությունը փոփոխվել է՝ ջանքերն առավելապես ուղղվելու են վերոնշյալ օղակներին:
«Արդեն քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, սահմանափակել ենք կանխիկի շրջանառությունը և կանխիկով գործարքները պաշտոնատար անձանց հետ: Արդեն իսկ մշակում է ինստիտուցիոնալ համակարգի մոդել, մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելիչ մարմին պետք է ստեղծվի: Հստակ մեխանիզմներ են սահմանված գնումներին մասնակցած և հաղթած ընկերությունների համար՝ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, որը որ թույլ կտա ապահովել իրական մրցակցությունը գնումների գործընթացում»,- ասաց նա:
Քրմոյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը նաև առաջանում են շփումներից և դրանց ընթացքում. «Մենք որոշել ենք պատվիրակել այդ լիազորությունները, և այսուհետ մեր քաղաքացիները կարող են փոստային բաժանմունքներում կամ բանկերում ստանալ պետական ծառայություններ, ստանալ չդատվածության մասին տեղեկանք, գրանցել իրավաբանական անձ, փոխել տնօրեն և այլն»:



























