Հուլիսին կկայանա Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հայ-ռուս-իրանական եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Նրա խոսքերով, եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման նպատակն է լինելու մշակել նախագիծ Հայաստան-Իրան երկաթգծային ուղիղ հաղորդակցման համար։
Գուրգեն Սարգսյանի խոսքերով, երկագիծը կդառնա ամենակարճ ցամաքային ուղին՝ Պարսից ծոցից, Հնդկաստանից եւ Չինաստանից դեպի Եվրոպա։ Նախարարը ասաց, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ՝ վարկ ստանալու համար։ Բանկի ներկայացուցիչները մյուս շաբաթ կայցելեն Հայաստան։ Այցելության շրջանակներում նախատեսվում է ավարտել վարկի ստացման բանակցությունները ։
Հիշեցնենք, որ ապրիլ 16-ին Թեհրանում Հայաստանի Կապի եւ տրանսպորտի նախարարհ Գուրգեն Սարգսյանն ու Իրանի Ճանապարհային հաղորդակցման նախարար Համիդ Բիբախանին ստորագրել էին համաձայնագիր Հայաստան-Իրան երկաթգիծ անցկացնելու համար։ Երկաթգծի կառուցումը նախնական հաշվարկներով կարժենա 1,2-1,5 միլիարդ դոլար։ Երկաթուղային ճանապարհը նախատեսվում է կառուցել 5-6 տարում։
Նախագիծը ֆինանսավորելու համար նախատեսվում է դիմել նաև Համաշխարհային բանկին։ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայ-իրանական նախագծերը՝ գազամուղը և երկաթգիծը, տարածաշրջանային նշանակություն ունեն եւ պատահական չէ, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը հետաքրքրված են այս նախագծերով։



























