Քաղաքացիներն արդեն կարող են «Հայփոստի» բաժանմունքներից ստանալ չշահած ՀԴՄ կտրոնների համար նախատեսված բոնուսները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը, հավելելով, որ այդ գործընթացը հետաձգվել էր միջոցների պակասի պատճառով։

Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում հաստատել էր, որ երրորդ եռամսյակի բոնուսների վճարման համար պետք է հատկացնել 655 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար): Այդ գումարն արդեն փոխանցվել է «Հայփոստին» եւ համապատասխան առեւտրային բանկերին։

Քաղաքացիները բոնուս կարող են ստանալ մեկ եռամսյակի ընթացքում` հավաքելով նվազագույնը 50 եւ առավելագույնը 1000 կտրոն, որոնցում ներկայացված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար (մոտ 275. դոլար) եւ առավելագույնը 6 մլն դրամ (մոտ 1600 դոլար):

Բոնուսը տրվում է ընդհանուր գումարի 1 տոկոսի չափով։