Մինչ Հայաստանը պատրաստվում է խմելու ջուր արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ կամ այլ երկրներ, Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր տառապում են խմելու ջրի պակասից։ «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության տեղեկացմամբ՝ Արարատյան դաշտավայրի գյուղերը կանգնած են անապատացման եզրին` բազմաթիվ ձկնաբուծարանների պատճառով:
Բացի այդ՝ կազմակերպությունը թվարկում է բազմաթիվ այլ բնակավայրեր, որտեղ խմելու ջրի խնդիրը լուծված չէ։
Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչները խմում են «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող ոսկու հանքից եկող ջուրը: Վայոց Ձորի Ելփին համայնքը ջրի մեկ աղբյուրից բացի՝ չի կարողանում այլ աղբյուրներից օգտվել, քանի որ դրանք իրենց վնասակար բաղադրություններով կվտանգեն մարդկանց կյանքն ու առողջությունը:
Լեռնահանքային արդյունաբերության զարգացման պայմաններում թունավոր նյութերով են աղտոտվում Դեբեդը, Ողջին, Սոտքը, Ախթալան, Մասրիկը եւ այլ գետեր: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում վերացման վտանգի տակ են 4 գետեր:
Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ապօրինի ՀԷԿ-ի կառուցման պատճառով ստորգետնյա աղբյուրները այլեւս չեն թափվում գետի մեջ, այլ լցվում են 2 կմ երկարարությամբ խրամուղի եւ կորչում:
Սեւանա լիճը համարվում է Կովկասի քաղցրահամ ջրի ամենախոշոր շտեմարանը, բայց որպեսզի լճի ջուրը ինքնամաքրման ենթարկվի եւ խմելու համար պիտանի դառնա, պետք է լճի մակարդակը բարձրանա: Մինչ օրս Սեւանա լճի ինքնամաքրման գործընթացը չի կատարվում, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ ջրի բացթողումների ծավալները մեծանում են եւ լճի մակարդակը իջել է: Սեւանա լճի մեջ են թափվում ոչ միայն քաղաքների, այլ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերը, Սոտքի ոսկու հանքավայրից դուրս եկող ծանր մետաղներով լի Սոտք եւ Մասրիկ գետերը, քամու հետ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրի քրոմ պարունակող փոշին, «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող Արդանիշ արգելոցային գոտուց արդյունահանվող ցեմենտը:





























