Հայաստանում առաջիկայում կստեղծվեն 2 ջրաբանական արգելավայրեր՝ Հանքավանի եւ Ջերմուկի։ Տեղանքների ընտրությունը պայմանավորված է տաք հանքային աղբյուրների ջրերի առկայությամբ, այդ շրջաններում անկանոն արդյունաբերական գործունեությունը կանխելու եւ կենդանական ու բուսական աշխարհը պահպանելու մտահոգությամբ։

Հանքավանի արգելավայրը կգտնվի Մարմարիկ գետի վերին հոսանքների ավազանում` 2000-2100 մ բարձրության վրա եւ կզբաղեցնի 5200 հա տարածք: Այն հիմնականում ընդգրկելու է Հանքավան եւ Արտավազ համայնքների հողերը։

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը տարածքով ավելի մեծ է՝ 17,3 հազար հա։ Այն ընդգրկելու է Ջերմուկ քաղաքի եւ Կարմրաշեն ու Հերհեր գյուղերի հողերը՝ Արփա գետի վերին հոսանքում, 1100-2800 մ բարձրության վրա։