Փետրվարի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում հարկերի չվճարման համար պատժի մեղմացման մասին փոփոխությունների օրինագիծը: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն ընդունվեց 96 կողմ ձայներով:
Այժմ ՔՕ 205-րդ հոդվածով բանտարկություն է սպառնում առանձնապես խոշոր չափերով (ավելի քան 2 մլն դրամ) հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար: Սակայն չարամտության ձեւակերպումը չի տրվում եւ գործնականում թողնված է հարկային տեսուչների եւ քննիչների հայեցողությանը: Այս հոդվածով, որպես կանոն, քրեական գործեր չեն հարուցվում՝ բիզնեսին բավարար ժամանակ է տրվում «հասկանալու» համար, թե ինչպես պայմանավորվի մեկի կամ մյուսի հետ: Սրա հետ կապված օրինագծի հեղինակ Արդարադատության նախարարությունը փորձել է մանիպուլյացիաների սողանցքերը փակել: Չարամիտներ կհամարվեն նրանք, ովքեր հաշվետվության մեջ նախապես կեղծ տեղեկություններ կմտցնեն, հարկային բազան նվազեցնելու համար կեղծ փաստաթղթեր կօգտագործեն: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է բարձրացնել քրեական պատժի շեմը՝ 2-ից մինչեւ 4 մլն դրամ (մոտ 8,3 հազար դոլար):



























