Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը կշարունակվի, թեեւ դա կպահանջի երկար ժամանակ:
«Հայաստaնի եւ Թուրքիայի կառավարություններին ու հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ: Հնարավոր է` հայկական եւ թուրքական կողմերը համակարծիք չեն լինի անցյալի վերաբերյալ, սակայն նրանք ունեն ապագա: Այդ երկու երկրների ժողովուրդը պետք է ունենան ապագա, իսկ ապագան հիմնվում է խաղաղության եւ գործընկերության վրա»: Այդ մասին հայտնել է Շվեցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, ընդգծելով, որ 1915 թվականի իրադարձությունները մեկնաբանությունները հնարավոր է երբեք չդադադարեն իրենց գոյությունը:
Հարցին, թե արդյոք հայկական եւ թուրքական կողմերը կշարունակեն քննարկումները, թեեւ գործընթացը սառեցված է, Լոյտարդն ասել է, որ երկու կողմերը միշտ էլ շփվել են հարյուրամյակների ընթացքում: Դա պայմանավորված է երկու կողմի քաղաքական կամքով, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:
«Անկասկած, երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք գործընթացն ավարտելու համար: Երբեմն այդքան կարեւոր չէ, որ գործընթացն արագ ընթանա: Ավելի կարեւոր է, երբ առկա է պայմանավորվածություն` հիմնված հասկացվածության վրա», - ասել է Շվեցարիայի նախագահը, հերքելով կասկածներն առ այն, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետագա քննարկումները դատապարտված են:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել են 2009 թվականի օգոստոսի 31-ին: Այնուհետեւ հոկտեմբերի 10-ին դրանք ստորագրվել են Ցյուրիխում: Սակայն արձանագրությունները չեն վավերացվել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել:





























