Երեւանում փետրվարի 7-ին, տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի մեկնարկին նվիրված տեղեկատվական հանդիպումը:

Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին եւ Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ, “STRONG CSOs” ծրագրի դրամաշնորհային նախագծի ղեկավար Անդրեյ Պարաֆինյուկը:

«Հզոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների աջակցման, լավ կառավարման բարելավման եւ Հայաստանի համակողմանի աճի ապահովման գլխավոր դերակատարներն են»,- իր բացման խոսքում նշեց դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի առաջատար դասընթացավար եւ քոուչ, դրամաշնորհային նախագծի մշակման մասնագետ Զորան Կրտինիչը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի ուղենիշները (նախագիծը)` ներառյալ ընդհանուր բնութագիրը, հիմնական նպատակը, համապատասխանության չափանիշները եւ այլն: Իր ելույթում պարոն Կրտինիչը ընդգծեց, որ փոքր դրամաշնորհային ծրագրերը պետք է մշակվեն դիմող ՔՀԿ-ների կողմից եւ պետք է համապատասխանեն իրենց թիրախային խմբերի առկա կարիքներին, այսինքն` ՔՀԿ-ները պետք է ծառայեն իրենց թիրախային խմբին(երին):

Միջոցառման 2-րդ հատվածում հրավիրյալները ներգրավվեցին խմբային աշխատանքում, որի նպատակն էր խթանել ցանցերի եւ գործընկերությունների ստեղծումը: Այս գործողությունը հնարավորություն ընձեռեց ՔՀԿ-ների ներկայացուցիչներին գտնելու համագործակցության ընդհանուր ուղիներ հետագայում համատեղ ծրագրերով հանդես գալու համար:

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, եւ ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին կարողությունները, արտաքին կարողությունները եւ զարգացնել կազմակերպությունների կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու եւ իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է: