Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Մինսկից Բաքվին, ապտակ էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ալիեւի եւ Լուկաշենկոյի կողմից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ բողոքի ակցիան կազմակերպել է «Ելք» դաշիքնը:

Նիկոլ Փաշինյանը կարդաց դաշինքի հայտարարությունը այս որոշման վերաբերյալ, որտեղ մասնավորապես կոչ էր արվում սառեցնել Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները, հետ կանչել Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ հետ ուղարկել ՀՀ-ում Բելառուսի դեսպանին:

«Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձեւական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել: Սա ապտակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ապտակը մեկին Ալիեւն է հասցրել, մյուսին՝ Լուկաշենկոն: Մենք չենք ուզում, որ դա ապտակ լինի նաեւ հայ ժողովրդին, այդ պատճառով պահանջում ենք, որ Հայաստանում Բելառուսի դեսպանը լքի Հայաստանի Հանրապետությունը, մեր դեսպանն էլ այնտեղից վերադառնա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Հայաստանում Բելառուսի դեսպանին հետ կանչելով ՀՀ-ն լրջագույն հետևանքների առաջ կկանգնի, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Սա առիթ է, որ լրջորեն հասկանանք՝ ինչ է նշանակում ԵԱՏՄ անդամ լինել, ՀԱՊԿ անդամ լինել: Մենք բոլոր գիտենք, որ այդ խնդիրը կա, որ ՀԱՊԿ շատ երկրներ միջազգային ատյաններում քվեարկում են ի օգուտ Ադրբեջանի: Ղազախստանը, Բելառուսը վստահաբար Ադրբեջանի հետ ավելի ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Հայաստանի»:

Լրագրողների հետ զրույցում  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց. «Սա ամենավտանգավոր նախադեպն է վերջին 25 տարիների ընթացքում: Մենք դատապարտում ենք Բելառուսի ոչ բարեկամական քայլը: Կրկին անգամ վերահաստատվում է այն փաստը, որ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ որեւէ բարեկամական դրսեւորում  չենք տեսնում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ԵՏՄ անդամ, ոչ թե Հայաստանը: Հայտնի բլոգերին, խոսքի ազատության համար պայքարող մարդուն, Արցախում լուսաբանող մարդուն քրեական հետապնդման ենթարկելը ու արտահանձնելը մի բանդիտական պետության, որը գործում է «Իսլամական պետության» կանոններով, եւ դա նախադեպ դարձնել նշանակում է պաշտպանել Արցախի իզոլացման քաղաքականությունը»:

Նիկոլ Փաշինյանը փորձեց մտնել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատուն, խոսել դեսպանի հետ, սակայն դեսպանատնից պատասխանեցին, որ դեսպանը տեղում չէ:

Բողոքի ակցիային ներկա մարդիկ վանկարկում էին «Հեռացիր», «Ազատ անկախ Արցախ», «Միացում» եւ այլն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար:

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: