Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տեղական իշխանություններին խնդրել է թույլ տալ հանդիպել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որը Բաքվին է արտահանձնվել Մինսկից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսկան բաժնի ներկայացուցիչը:

Բելառուսի Գերագույն դատարանը երեքշաբթի ուժի մեջ է թողել գլխավոր դատախազության որոշումը բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին, որը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն ունի: Նույն օրը հատուկ չվերթով նա ձեռնաշղթայված, Պետանվտանգության ծառայության 2 աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան:

«Մենք մշտապես շփման մեջ ենք Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մեր գործընկերների հետ, որոնք արդեն Ալեքսանդրի հետ հանդիպում են խնդրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: