Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Մինսկից Ադրբեջան արտահանձնված Ալեքսանդր Լապշինի գործը։ Ակնկալվում է, որ հյուպատոսը փետրվարի 9-10–ը կայցելի մեղադրյալին։

«Մենք Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատներից նոտա ենք ստացել այս հարցով։ Բառացիորեն վաղը–մյուս օրը ՌԴ հյուպատոսը կհանդիպի Լապշինի հետ՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Լապշինի հետագա ճակատագրի հարցը կախված կլինի հետաքննության ավարտից։ «Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածով։ Վերջնական վճիռը դատարանի որոշումն է»,– ընդգծել է նա։ Սակայն, հաշվի առնելով, թե ինչպես են Ադրբեջանում անցկացնում «անաչառ» քննություն ու որքան «արդար» է երկրում դատարանը, ինչը իրենց սեփական մաշկի վրա են զգացել իշխանությունների հետ ոչ համակարծիք ու նրանց համար անպիտան ադրբեջանցիները, գալիք «դատավճռի» վերաբերյալ կանխատեսումները միանգամայն ակնհայտ են։

 Ավելին, Մամեդյարովին պարզվում է «վրդովեցնում ու զարմացնում է տվյալ հարցի քաղաքականացումը», ինչին, ի դեպ, հենց Բաքուն ինքն է նպաստել։ Նաեւ Ադրբեջանի արտգործնախարարին դուր չի գալիս, որ Լապշինին «անընդհատ անվանում են բլոգեր»։ Ըստ ամենայնի՝ Բաքվի ղեկավարությունը ալերգիա ունի այն ամենի հանդեպ, ինչը կապ ունի խոսքի ազատության հետ։