Բելառուսն առաջնորդվում է նրանով, որ Հայաստանն իր համար բարեկամական երկիր է, եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու ֆոնին հայ պատգամավորների հայտարարությունները «ուղղակի էմոցիաներ» են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
«Բելառուսն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, ինտեգրացիոն միությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ գործընկերներ։ Այդ պատճառով հայկական խորհրդարանում հնչող հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, ուղղակի էմոցիաներ են»,– ասել է Միրոնչիկը։
Նա հավելել է, որ ինքը տեղյակ չէ Հայաստանի այս կամ այն արտաքին քաղաքական քայլերի կապակցությամբ բելառուս պատգամավորների կողմից վիրավորական կամ անհավասարակշիռ գնահատականներից։ «Թեպետ «պատասխան հաշիվ» ներկայացնելու առիթներ եղել են»,– նշել է նա։
ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Բելառուսը «բազմադարյա բարեկամական քաղաքականություն է վարում՝ անշեղորեն հետեւելով միջազգային նորմերին եւ կատարելով իր իրավաբանական պարտավորությունները, ինչպես ընդունված է ժողովրդավարական պետություններում»։




























