ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մարկ Սթիվեն Քըրքը հայտարարություն են արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն և Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել մամլո հաղորդագրությամբ, որի համաձայն, «Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետությունները համաձայնել են ներքաղաքական խորհրդատվություններ սկսել Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացված բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ»։ Դրանք են՝ «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները։ Սահմանվել է վեցշաբաթյա ժամկետ, որի ավարտից հետո պետք է ավարտվեն երկու երկրների կառավարությունների խորհրդատվությունները, իսկ երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն արձանագրությունները։ Արձանագրությունների վավերացումից հետո երկու ամսվա ընթացքում պետք է բացվի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, արձանագրությունները ներառում են պատմական իրադարձությունների ու արխիվների ուսումնասիրման միջկառավարական հանձնաժողովի ստեղծում։

Համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Որպես ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերի աջակցման խմբի համանախագահներ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունների առաջխաղացմանը։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի երկու երկրները դա անեն առանց նախապայմանների և համապատասխան ժամկետներում։ Չնայած այն բանին, որ մենք լավատեսորեն ենք տրամադրված երկու երկրների սահմանների ապաշրջափակման ու փոխհարաբերությունների հաստատման ջանքերի նկատմամբ, մենք թերահավատորեն ենք վերաբերվում այդ հարցում համագործակցելու Թուրքիայի պատրաստակամությանը։

Հուլիսի 30-ին մենք կոնգրեսի 80 անդաների հետ միասին նամակ ենք հղել երկրի նախագահ Բարաք Օբամային՝ մեր մտավախությունը հայտնելով առ այն, որ թուրքական կառավարությունը կրկին կարգելակի առաջընթացը։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համագործակցելու մասին պատմական համաձայնության հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արգելակեց գործընթացը՝ խոսելով նախապայմանների մասին։ Եվ մենք կրկին երկյուղում ենք, որ Թուրքիան կօգտվի վերջին զարգացումներից՝ որպես արգելակման միևնույն մարտավարության շարունակման հետևանք, որը խոչընդոտ կհանդիսանա երկու ժողովուրդների միջև իրական համագործակցության համար։ Մենք անհանգստացած ենք արձանագրությունների որոշ պայմաններով, որոնք կարող են նախապայման պարունակել հայ-թուրքական սահմանի բացման համար։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ցեղասպանության կամ Ղարաբաղի շուրջ նախապայմանի ընդգրկման ցանկացած փորձ կխոչընդոտի բանակցություններին։ Մենք շարունակում ենք հույս փայփայել, որ Թուրքիան շրջափակման վերացման միջոցով քայլ կկատարի Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն ճշմարտության, արդարության, խաղաղության և համագործակցության վրա։ Հաշտության հասնելով անցյալի ու ներկայումս գոյություն ունեցող հակամարտությունների հարցում, Հայաստանն ու Թուրքիան առավել կայուն կդարձնեն աշխարհի ոչ կայուն ու ռազմավարական տարածաշրջաններից մեկը»։