Հայերի եւ բելառուսների պատկերացումները բարեկամության մասին շատ տարբեր են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկի այն հայտարարությանը, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու ֆոնին հայ պատգամավորների հայտարարությունները «ուղղակի էմոցիաներ» են:

«Մեր եւ իրենց պատկերացումները բարեկամության վերաբերյալ շատ տարբեր են: Եթե այսպես է վարվում բարեկամական երկիրը, ուրեմն մենք բարեկամության մասին ունենք տրամագծային տարբեր պատկերացումներ: Նախ եւ առաջ սա ոչ թե Հայաստանին է վերաբերում, այլ նախ եւ առաջ վերաբերում է ռուս-բելառուսական հարաբերություններին, որովհետեւ Լապշինը նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, եւ սա մութ գործարք է առաջին հերթին ընդդեմ Ռուսաստանի, ընդդեմ խաղաղ կարգավորման եւ հետո նոր ընդդեմ Հայաստանի»,-ասել է Շարմազանովը

Նրա խոսքով, յուրաքանչյուր մարդ ունի իր գնահատականը արտահայտելու իրավունք. «Էմոցիոնալ գնահատականներ իհարկե եղել են, բայց դրանք եղել են գնահատականներ, որոնք ընդհանուր շատ կապեր ունեն իրականության հետ»:

Մեկնաբանելով ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին հնչած կոչերը Էդուարդ Շարմազանովը ասաց, որ դեմ է հարցի այդպիսի մոտեցմանը:

«Ես բնականաբար դեմ եմ, որ հարց բարձրացվի, որ Հայաստանը սառեցնի իր գործունեությունը ՀԱՊԿ-ում, կամ հարց բարձրացնի սառեցնել Բելառուսի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բայց այն, որ Բելառուսի նախագահի գործարքը Ադրբեջանի հետ դա խայտառակ գործարք էր եւ չէր բխում մեր բարեկամական հարաբերություններից, դա փաստ էր: Եթե նրանք պնդում են, որ հակաբարեկամական ոչինչ չեն արել, ուրեմն եւս մեկ անգամ պիտի ասեմ, որ մեր պատկերացումները բարեկամության մասին տարբեր են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում ասել էր, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու ֆոնին հայ պատգամավորների հայտարարությունները «ուղղակի էմոցիաներ» են եղել, եւ որ  Բելառուսը «բազմադարյա բարեկամական քաղաքականություն է վարում՝ անշեղորեն հետեւելով միջազգային նորմերին եւ կատարելով իր իրավաբանական պարտավորությունները, ինչպես ընդունված է ժողովրդավարական պետություններում»: