Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրատեսական չի համարում Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը: Այս մասին Ասադը հայտարարել է Yahoo News-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման դեպքում է միայն հնարավոր անվտանգության գոտիների հայտնվելը: «Սիրիացիները անվտանգության գոտիների կարիք չունեն: Ավելի կարեւոր է, գործնական եւ քիչ ծախսատար կայունության հաստատումը, քան անվտանգության գոտիների ստեղծումը: Ես դա իրատեսական գաղափար չեմ համարում»,- նշել է Ասադը՝ հավելելով. «Եթե դուք դադարեցնեք ահաբեկիչներին աջակցել… ես խոսում եմ ԱՄՆ-ի մասին, բոլոր նրանց մասին, որոնք Օբամայի վարչակազմի օրոք ահաբեկիչներին աջակցել են: Եթե դուք դադարեցնեք դա անել, շատ փախստականներ կվերադառնան իրենց տները»:
Ի պատասխան մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Սիրիայի քաղաքացիների ԱՄՆ մուտքը ժամանակավորապես արգելող Թրամփի հրամանը մեկնաբանելու խնդրանքին՝ Բաշար Ասադը նշել է, որ դա զուտ ամերիկյան հարց է: «Այդ պատճառով ես այս հարցը չեմ քննարկի՝ ճիշտ է այն, թե սխալ: Դա պետք է իրենք՝ ամերիկացիները որոշեն»,- ասել է Սիրիայի նախագահը:




























