Չինացի ռազմական տեսուչ Վան Ցինը 1963 թվականից ի վեր առաջին անգամ կարողացել է տեսնել Չինաստանում գտնվող ընտանիքին: 1963-ին նա պատահաբար անցել է Հնդկաստանի տարածք եւ այնտեղ պահվել ոչ այն է որպես դատապարտյալ, ոչ այն է որպես բյուրոկրատիայի զոհ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին շրջանում նրան վերադարձնելու հարցով զբաղվել է Չինաստանի ԱԳ նախարարությունը, սակայն գործը տեղում դոփել է. նախկին զինվորականը հայրենիքի անձնագիրն ստացել է միայն 2013 թվականին:
Նախկին տեսուչին ուղեւորության ժամանակ ուղեկցել են իր չափահաս երեխաները: Հայրենիքից ավելի քան կեսդարյա բացակայության ընթացքում տղամարդը Հնդկաստանում ընտանիք է կազմել: Նրա կինն այժմ առողջական խնդիրներ ունի: Սակայն հայտնի չէ, Վանը կցանկանա՞ կամ կկարողանա՞ Հնդկաստան վերադառնալ: Չինացի զինվորականի երեխաները հնդկական անձնագրեր ունեն, իսկ ինքը՝ տուժողը Հնդկաստանի ԱԳ նախարարությունից փաստաթուղթ է ստացել, որով նրան թույլ է տրվել երկրից դուրս գալ:
1963 թվականի հունվարին Վան Ցինը չինա-հնդկական սահմանամերձ գոտում հետախուզում էր անցկացնում՝ ծառայակիցներին օգնելով բանակային տեխնիկայի համար ճանապարհ կառուցել, եւ պատահաբար հատել է սահմանը:
Ժամեր շարունակ թափառելուց հետո քաղցած եւ հոգնած տղամարդը Կարմիր խաչի մեքենայի է հանդիպել եւ օգնություն խնդրել: Բժիշկները նրան հնդկական բանակին են հանձնել:
Այնուհետեւ նա 6 տարի անցկացրել է տարբեր ուղղիչ հաստատություններում, սակայն 1969 թվականին Հնդկաստանի դատարանը նրան ազատել է, բայց հայրենիք վերադառնալ չեն թույլատրել:




























