Ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի ոչ կայուն եկամուտ ունեցողները, կամ ոչ մեծ եկամուտ ունեցողները նույնպես կարողանան բնակարաններ ձեռք բերել: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին Հայաստանի վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը նպաստող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին, ինչին նա պատասխանեց, որ լայնածավալ շինարարություն է ընթանում աղետի գոտում` մոտ 77 միլիարդ դրամի չափով:

Նշենք, որ մինչ այդ նա տեղեկացրել էր, որ կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրել էլիտար շենքեր կառուցող 6 կառուցապատողների, որպեսզի նրանք ավարտեն Երեւանի կենտրոնում 6 շենքերի շնարարությունը, որը միայն կայուն եկամուտ ունեցողների համար է:

Հարցին, թե բացի աղետի գոտուց, ասենք Երեւանում կառավարությունը չունի՞ ծրագրեր, որոնք կվերաբերեն ոչ մեծ եկամուտ ունեցող քաղաքացիներին, վարչապետի օգնականն արձագանքեց, որ նման ծրագրերի մասին ինքը տեղեկություն չունի:

NEWS.am-ի հարցին էլ, թե մամուլում բազմիցս գրվել է, որ այդ կառուցապատող ընկերությունների թիկունքում նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, Դ. Հարությունյանը չհերքելով այդ տեղեկությունները, միայն ասաց. «Եկեք վերանանք անձերից եւ խոսենք գործընթացից»: