NEWS.am-ը Հայաստանի Կենտրոնական բանկից «Հայկական բանկերն ավելի կարգապահ են, քան ապահովագրական ընկերությունները» հրապարակման վերաբերյալ ստացել է հետեւյալ պարզաբանումը.

«Ի պատասխան ԿԲ կողմից պատժամիջոցների հրապարակման վերաբերյալ Ձեր հարցմանը, հայտնում ենք, որ պատժամիջոցները հրապարակվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, որը, սակայն, չի մանրամասնում հրապարակման ձեւաչափը:

Այժմ կիրառվող ձեւաչափը համապատասխանում է միջազգային առավել տարածված փորձին (օրինակ, ԱՄՆ բանկային վերահսկողական ծառայությունների պրակտիկային)»:

Նկատենք, որ սույն հարցը կարգավորվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով. «... ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` ՀՀ կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները)»։

Այսպիսով՝ շատ հստակ սահմանված է, որ բանկերի նկատմամբ պատասխանատվության որոշումների հրապարակումը բանկային գաղտնիքի խախտում չէ։