Նոյեմբերի 10-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը «Սինոփսիս-Արմենիա» ընկերությանը կշնորհի ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկայի եւ բիզնեսի գործերով քարտուղարի տեղակալ Ռոբերտ Դ. Հորմատսի կողմից սահմանված մրցանակը, որը սահմանվել է 2010թ ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող  մրցանակի եզրափակիչ փուլ անցած  12 ընկերությունների համար:

Սինոփսիսը ճանաչվել է որպես ծրագրավորման եւ ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ եւ աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար: Սինոփսիս-Արմենիան ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային 78 հավակնորդների շարքից: Եզրափակիչ փուլում հայտնվել են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարեւոր դերը, որը կատարում են արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Սինոփսիսի երեւանյան գրասենյակներում ժամը 15:00:

Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները: Պետքարտուղարությունը պատրաստ է աշխատել ընկերությունների հետ այս ոլորտի լավագույն փորձը աշխարհով մեկ տարածելու, ինչպես նաեւ հայրենի երկրում եւ արտերկրում կյանքի բարելավմանն ուղղված քայլերը խթանելու հարցում: 2010թ. մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան այս աշնանը Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: