Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կուսակցություններին եւ դաշինքներին նախընտրական քարոզչության համար անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելու մասին որոշում կայացնելու համար համապատասխան օր եւ ժամ կա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Պատասխանելով հարցին, նախնական պատկերացում կա՞, թե Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ո՞ր ժամից կուսակցություններին ու դաշինքներին նախընտրական քարոզչության նպատակով եթերաժամ կտրամադրեն, Մուկուչյանը նշեց. «Այդ որոշումն ընդունելու օր եւ ժամ կա: Երբ որոշումն ընդունենք, դուք կտեղեկանաք, թե որ ժամից է եթերում սկսվելու քարոզչությունը: Պետք չէ առաջ ընկնել»:
Իսկ որոշումը, ըստ նրա, կկայացվի կուսակցությունների եւ դաշինքների գրանցման ժամկետի ավարտի հաջորդ օրը, այսինքն՝ փետրվարի 27-ին:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրարշավների ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստաալիքով նախընտրական քարոզչությունը սկսվում էր ամեն օր ժամը 18:00-ին, ինչը դժգոհություն էր առաջացրել ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում՝ հաշվի առնելով, որ աշխատող քաղաքացիները զրկվում էին աշխատանքային օրերին այդ ժամերին հետեւել նախընտրական քարոզչության հեռուստանյութերին:




























