Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ երկու պետությունների միջեւ սահմանի բացումը դրականորեն կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց վրացի քաղաքագետ Արչիլ Գեղեշիձեն։ Քաղաքագետի կարծիքով, հենց այդ պատճառով, զարմանալի ոչինչ չկա նրանում, որ այդ հարցը Վրաստանում եւս սկսել են քննարկել։ Գեղեշիձեի խոսքերով, այս հարցը գլխավորներից մեկը կդառնա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւան կատարած այցի շրջանակներում։

Գեղեշիձեն չի համաձայնել այն մտքի հետ, որ Վաշաձեի Երեւան կատարելիք այցի նախօրեին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումը Վրաստանի փոխարտգործնախարարի հետ՝ ԱՄՆ կողմից փորձ կհանդիսանա մոտեցնել Հայաստանին եւ Վրաստանին այն բանին, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը հայկական կողմի վրա թուլանա։

Նրա խոսքերով, Հայաստանի եւ Վրաստանի հարաբեություններն առանց այդ էլ բարձր մակարդակի վրա են եւ ենթակա չեն որեւէ ազդեցության։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի նախապատրաստվող ապաշրջափակման մասին լուրերին եւ «Վերին Լարսի» հսկիչ-անցագրային կետի հնարավոր բացմանը, ապա, փորձագետի կարծիքով, դրանից կշահի ողջ տարածաշրջանը։ Չարժե վախենալ որեւէ տրանզիտային մրցակցությունից։ «Թուրքիայի հետ սահմանի ապաշրջափակման դեպքում Հայաստանը Վրաստանի համար միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների առումով մրցակցություն չի ներկայացնի»,- նշեց նա, ավելացնելով, որ տրանզիտային հոսքերը ընդլայնվելու հատկություն ունեն։ Այնպես որ, հետագայում նոր տրանզիտային ճանապարհներ հարթելու կարիք կլինի։