Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից ս.թ. սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը կարեւորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը եւ նշել. «Նման միջոցառումները, մեր համոզմամբ, ստեղծում են լավ նախադրյալներ՝ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները: Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ շուրջ 150 կազմակերպություն 9 երկրից մասնակցում է այս միջոցառմանը, ինչը նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ, ապրանքներ, արտադրության իրենց կարողությունները, միեւնույն ժամանակ նոր գործընկերներ գտնելու եւ շուկաներ ընդլայնելու ցանկություն»: ՀՀ վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին եւ դրանց արտադրանքին:

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն, ընկերություն եւ միություն: