Հայկական դրամը շարունակվում է արժեզրկվել բորսայական գործարքներում։ Այսօր՝ նոյեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում իրականացվել է 4,25 մլն դոլարի առուվաճառք՝ 366,4 դրամ միջին փոխարժեքով՝ երեկվա 365-ի համեմատ։ Փակման գինը կազմել է 366,48:
Դրամի փոխարժեքը վերջին շաբաթներին բավական տարօրինակ վարքագիծ ունի։ Ակնհայտ էր, որ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դրամի կտրուկ արժեւորման համար (երբ փոխարժեքը իջավ մինչեւ 357,5) լուրջ տնտեսական հիմքեր չկային։ Հիմա պարզապես դրամը վերադառնում է այնտեղ, ուր պետք է գտնվեր՝ 365-370-ի մոտակայքում։
Սակայն բանկերի քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ հնարավոր են փոխարժեքային անոմալիաներ։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկի համար ավելի դժվար է զսպել դրամի արժեզրկումը, քան կանխել արժեւորումը։ Իրավիճակն այնպիսին է, որ բանկերի մեծ մասը շահագրգռված է դրամի արժեզրկմամբ, քանի որ դոլարային ակտիվներն ավելին են, քան պասիվները։
Բացի այդ՝ վարկերի մեծ մասը շարունակում է տրամադրվել դոլարով՝ հետեւաբար բանկերը ցանկանում են, որ հետ վերադարձվող դոլարը էժան չլինի։ Ու եթե բանկային համակարգում ի հայտ գա դրամի ավելցուկային լիկվիդայնություն, կասկած չկա, որ բանկերը միահամուռ ջանքերով դրամին ցած կգլորեն։ Սակայն չպետք է մոռանալ, որ մի քանի շաբաթից սկսվում է ամանորյա եռուզեռը, իսկ այդ ընթացքում շուկան աշխատում է դրամի արժեւորման ուղղությամբ։




























