«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ամենալավ տարբերակը «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է:

Անդրադառնալով իրենց դաշինքի վարչապետի թեկնածուի ով լինելուն, Փաշինյանն ասաց. «Մենք ձեւավորել ենք դաշինք, ինչը նշանակում է, որ դաշինքային տրամաբանության մեջ միայն մեր պատկերացումները չէ, որ տեղ ունեն: Հայաստանյան իրականության մեջ եւ այստեղ ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար դա մի փոքր անսովոր տրամաբանություն է, բայց ես շարունակում եմ համոզված մնալ, որ դա ճիշտ տրամաբանությունն է, եւ վարչապետի թեկնածուի թեմայով մեզ մոտ քննարկումները կշարունակվեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի առումով բոլորի համար ամեն ինչ հստակ է, եւ, ըստ էության, «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել առաջին եռյակի մեջ»:

Հիշեցմանը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել էր իրենց ցուցակը, ըստ որի, ՔՊ-ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, վերջինս արձագանքեց. «Այդ ամենը չի արվում անձնական ինչ-որ դափնիներ ունենալու համար: Այս պահին ես շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն, նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակն եմ գլխավորում, բայց «Ելք» դաշինքում երրորդ հորիզոնականում եմ, եւ հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ես դրանից առանձնապես չեմ նեղվում»: