Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզում տարածքային ընտրական ցուցակներով պայքարում առաջատար են ՀՀԿ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուները: Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀԿԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, որը ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված է Կոտայքի մարզում:
Նրա խոսքով՝ հարցումների եւ բնակչության հետ հանդիպման արդյունքների հիման վրա, օրինակ՝ Չարենցավան քաղաքում, որտեղ նա ներկայում աշխատում է, կարելի է հանգել եզրակացության, որ ՀՀԿ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից եւ մյուս քաղաքական ուժերից առաջադրված թեկնածուների միջեւ տարբերությունը մեծ է:
«ՀՅԴ-ն այնտեղ կայուն ընտրազանգված ունի: Հետաքրքիր են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախնական տոկոսները, որին նրանք կարողացել են հասնել կարճ ժամանակում՝ 4-5%»,- նշեց Այվազյանը՝ ակնհայտորեն «մոռանալով», որ Հայաստանում ընտրություններն անցկացվում են բացառապես համամասնական ընտրակարգով, եւ շեշտադրելով տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների վարկանիշը, այլ ոչ թե քաղաքական ուժերին ընտրազանգվածի աջակցությունը:


























