Այս պահին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված չէ, բայց լարվածության որոշակի պոտենցիալ տեսնում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյան արձանի մոտ, երթից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այդ լարվածությունն առաջին հերթին, կապված է Հանրապետական կուսակցության ներսում խմբավորումների միջեւ նկատվող լարվածության եւ քաղաքացիների հաշվառման հասցեները զանգվածաբար փոխելու հետ: Այդ գործընթացը պետք է դադարեցնել, որովհետեւ դա կարող է իրավիճակի կտրուկ սրման բերել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում ՀՀԿ-ի ներսում բախումների մասին. «Այդտեղ կա լարվածության սրման պոտենցիալ: Կապ չունի, որ դա իշխող վերնախավի ներսում է տեղի ունենում, դա, բնականաբար, կարող է ազդել նաեւ ընդհանրապես քաղաքական իրավիճակի վրա: Քաղաքացիների հաշվառման վայրերը զանգվածաբար փոխելը նույնպես կարող է սրել իրավիճակը: Եթե տեսնենք, որ դա սպառնալիք է իրական արդյունքների համար, կարվեն հետեւություններ»,-ընդգծեց Փաշինյանը: