Մարտի 5-ից հետո, երբ պաշտոնապես քարոզարշավը կսկսվի, Հանրապետական կուսակցությունը պարտավոր է իշխանության կատարած աշխատանքը ներկայացնել: Այս մասին մարտի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: 

Նրա խոսքով՝  որոշ քաղաքական ուժերի թվում է, թե իրենք Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները իշխանություններից ավելի լավ են պատկերացնում: «Դա այդպես չէ: Եվ իշխանությունը հստակ ասում է՝ այո՛, մենք այսօր խնդիրներ ունենք: Իսկ այդ խնդիրների լուծման համար մենք այս ծրագրերն ունենք»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ ծրագրերը կներկայցվեն քարոզարշավի ընթացքում: