Հայաստանի իշխող կուսակցությունը պետք է ոչ միայն պարզապես ընտրություններին մասնակցի, այլ ներկայացնի կատարած եւ չկատարած գործերը: Այս մասին մարտի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունից պատգամավորի թեկնածու Կարինե Հակոբյանը, որն առաջադրվել է Երեւանի թիվ 2 ընտրական տարածքից (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն):

Նրա խոսքով՝ երկրի զարգացման համար փոփոխություններ են ահրաժեշտ: «Եթե իշխանության նույնիսկ կարգախոսները հիշենք, դրանք ընդդիմությունից են վերցված՝ ամեն տեղ «փոփոխություն» բառը կա: Փոփոխություններ իրականացնելու համար իշխանության պետք է գա ընդդիմադիր ուժը: Իսկ իշխող կուսակցությունը չպետք է խոսի փոփոխությունների մասին, այլ հիմնավորի այն, ինչ արել է»,- ընդգծեց Հակոբյանը՝ շարունակելով, որ ամենալավ իշխանությունը այն իշխանությունն է, որն ամբողջ ժամանակ փոխվում է, քանի որ դա նշանակում է, որ երկրում առողջ մթնոլորտ կա: