Հայաստանում որոշ անձինք պատգամավոր դառնալուն չափազանց բուռն են ձգտում: Այս մասին մարտի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որը ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով առաջադրվել է Կոտայքի մարզում:

Նա կասկած հայտնեց այն կապակցությամբ, որ բոլորն են լավ պատկերացնում պատգամավորի աշխատանքի իրական էությունը: «Մարդիկ կան, որոնք նորաձեւությամբ են առաջնորդվում, մարդիկ կան, որոնք բովանդակությամբ են առաջնորդվում»,- նշեց Այվազյանը:

Հարցին՝ այնպես է ստացվել, որ նախընտրարկան արշավի ժամանակ հանրապետականներն ավելի շուտ հանրապետականների դեմ են պայքարում, քան այլ կուսակցություններից առաջադրվածների դեմ, նա պատասխանեց. «Նման մոտեցում կա: Դա, իր հերթին, արդյունք է տալիս ավելի ընդարձակ ընտրազանգվածի հետ աշխատելու հնարավորության տեսակետից»: