Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նորմալ է վերաբերվում տարածքային ցուցակներով ընտրակարգի մասին հնչեցրած ՀՀԿ-ակաների քննադատություններին:
«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը, ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պատգամավորների թեկնածուների շտաբների ներկայացուցիչների միջեւ եղած միջադեպերին, ծեկռտուքներին, Դ. Հարությունյանն ընդգծեց. «Ընդհանրապես թեկնածուների միջեւ պայքարը միշտ կարող է առաջացնել որոշակի սրացում, եւ ընտրությունը հենց դա է: Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք: Ընտրության ժամանակ յուրաքանչյուրը պայքարում է ձայներ ստանալու համար»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ ապագայում վերանայվի այս ընտրակարգը, որի մասին խոսել է նաեւ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, նախարարը պատասխանեց. «Ոչինչ աշխարհում չի կարելի բացառել, բայց այս պահին դրա համար որեւէ հիմք չեմ տեսնում»:
Անդրադառնալով ամեն գնով ձայն ստանալու ՀՀԿ-ականների վարքագծին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ամենեւին խնդիր չի դրված, որ Հանրապետականի թեկնածուները միմյանց դեմ կիրառեն ոչ ընդունելի մեթոդներ: Դա գալիս է, միգուցե, որոշակի բացասական երեւույթներից, բայց դա չի կարող դառնալ նորմ»:


























