Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ համագործակցության մասին արձանագրությունների նախաստորագրումը ողջունեց ողջ միջազգային հանրությունը: Շատերը գործըթնացը պատմական անվանեցին: Ողջույնի խոսքերով հանդես եկան ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան, Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Կանադան եւ աշխարհի բազմաթիվ երկրներ: Լռում է միայն հարեւան Վրաստանը: Այդ կարեւոր տարածաշրջանային իրադարձությունից 4 օր անց այդ երկրի ԱԳՆ-ից պաշտոնական հայտարարություն կամ գոնե նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շուրթերից որեւէ ռեպլիկ չի հնչել:

Ինչո՞ւ է Թբիլիսին պահում իր զգացմունքներն ու պաշտոնական տեսակետ չի հայտնում այդ հարցում: Հնարավոր է՝ նրա համար, որ հայ-թուրքական մերձեցումն ու դրա հետեւանք սահմանի բացումը կտխրեցնի Վրաստանին: Ախր սահմանների բացման դեպքում Վրաստանը որոշակի տնտեսական եւ աշխարհաքաղաքական վնասներ կկրի, կկրճատվի այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ապրանքափոխանակությունը, Վրաստանը կկորցնի տարածքային տարանցման դոմինանտի իր դերը: Այդ տեսակետը NEWS.am-ի հետ զրույցում մեծամասամբ կիսեց վրացի քաղաքագետ, «Հասարակական ծրագրերի կենտրոնի» կառավարման խորհրդի ղեկավար Գիա Խուխաշվիլին: "Իհարկե, կկրճատվեն Վրաստանի տարածքով բեռնափոխադրումները, Վրաստանը կկորցնի տարածքային տարանցման դոմինանտի իր դերը, եւ բացի այդ Հայաստանի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից կթուլանա, եւ դա կարող է ակտիվացնել «տաքգլուխների» անջատողական տրամադրությունները: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ու սահմանների բացումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլեւ ողջ տարածաշրջանին: Քանի որ դա խթան կհանդիսանա տարածաշրջանային ծրագրերի իրականացման եւ առեւտրա-տնտեսական իրավիճակի առողջացման համար: «Դա պետք է հասկանան նաեւ Վրաստանում, եւ ողջունեն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը»,-շեշտեց փորձագետը: