Ավստրալացի պատգամավոր Թիմ Ուիլսոնը Ավստրալիայի խորհրդարանում ելույթ ունենալիս խոսել է հայերի մշակութային ցողասպանության մասին: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն:

Նրա խոսքով՝ ոչ միայն հայերին ուղղակի բնաջնջելու կանխամտածված փորձ է իրականացվել, այլեւ նրանց հիշատակը՝ ոչնչացնելով հայկական ժառանգության եւ մշակույթի ապացույցները, ինչպիսին են արվեստի եւ ճարտարապետության ստեղծագործությունները: «Այսինքն՝ ոչ թե պարզապես ժողովրդի ցեղասպանություն է իրականացվել, այլեւ մշակութային ցեղասպանություն»,- հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կայքում մշակութային ցեղասպանության մասին պատմություններ կան, որի նպատակը Օսմանյան կայսրության տարածքում հայ ժողովրդի կյանքի եւ հիշատակի ոչնչացումն էր: «Օսմանյան կայսրության նպատակը հայ ժողովրդի կյանքի եւ հիշատակի ոչնչացումն էր, եւ խորհրդարանի բոլոր անդամները պետք է կողմ լինեն երաշխավորելու համար, որ նման իրադարձությունները երբեք չեն կրկնվի: Իհարկե, քառորդ մասով հայ լինելով՝ ես զգալիորեն շահագրգռված եմ այս հարցում»,- հավելել է նա: