Ապրիլին աճուրդի է դրվելու Jaguar E-Type դասական սպորտքարը , որը 20 տարի մոռացության էր մատնված ցախատանը՝ Մեծ Բրիտանիայի Արեւմտյան Միդլենդում։ Այդ տարիներին մեքենան ժանգոտել էր, զրկվել թափքի գույնից, ապակիներից ու որոշ այլ տարրերից, սակայն դրա դիմաց ծրագրում են ստանալ առնվազն 38 հազար ֆունտ սթերլինգ, հայտնում է Motor–ը։

Այդ սպորտքարն ընդամենը երկու սեփականատեր է ունեցել։Առաջինը մեքենան գնել էր 1962-ին, երբ այն նոր էր։ Դա 282-րդ Jaguar E-Type–ն էր, որն ուներ փոխանցման մեխանիկական տուփ, նաեւ մուգ կապույտ թափք ու սեւ սալոն։

Մեքենան նոր սեփականատիրոջն է անցել 1997-ին։ Նա ծրագրում էր փոքր ռեստավրացիա անել ու կարգի բերել մեքենան, բայց շուտով ստիպված է եղել մեկնել երկրի մեկ այլ մաս՝ մեքենան թողնելով եղբորը։Jaguar E-Type -ը կանգնեցվել էր ցախատանը։ Այդ ժամանակվանից սպորտքարի մասին մոռացել են։ Jaguar E-Type-ի նմուշները հիմա կոլեկցիոն արժեք ունեն, ու ըստ աճուրդի ներկայացուցիչների, այդ մեքենայի վերականգնման նախագիծը շատ ժամանակ ու միջոցներ կխլի, բայց արդյունքը չի հիասթափեցնի։