Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստորագրել է Ֆրանսիայում մեծ աժիոտաժ առաջացրած կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, ըստ որի, կենսաթոշակային տարիքը 60-ից բարձրացվում է 62-ի:

Օրինագիծը հավանության էր արժանացել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի, իսկ հոկտեմբերի վերջին, նաեւ խորհրդարանի կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկրի կառավարությունը բարեփոխումներ էր սկսել, նպատակ ունենալով գումարներ տնտեսել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու արդյունքում: Ներկայումս գործող օրենքով կենսաթոշակ է տրվում 60 տարեկանից, եթե մարդը կենսաթոշակային մուծումներ է կատարել 40,5 տարի եւ 65 տարեկանից, եթե այդպիսի վճարումներ է արել այդ ժամկետից ավելի քիչ հատվածում: Հիմա առաջարկվում է այդ տարիքային ձողը բարձրացնել, 60-ը դարձնելով 62, իսկ 65-ը` 67 տարի:

Բացի այդ, անհրաժեշտ ստաժի սահմանը 2018 թվականից 40,5 տարուց կդառնա 42 տարի:

Նշենք, որ բարեփոխումների նախագիծը լուրջ բողոքի ալիք էր բարձրացրել Ֆրանսիայի ողջ տարածքում: Երկրում, ի նշան բողոքի, իրենց աշխատանքն էին դադարեցրել նավթավերամշակման գործարանները, որոնք զավթել էին վառելիքով լի պահեստները: Հոկտեմբերի 12-ից ողջ Ֆրանսիայի տարածքում ձերբակալվել էր շուրջ 2200 ցուցարար: