Զինակոչիկները չպետք է ծառայեն սահմանին. դա պրոֆեսիոնալների գործն է: Մարտի 3-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ժառանգորդ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պրոֆեսիոնալ բանակի կողմնակից է եւ գիտի՝ ինչպես դա անել: Դրան կարելի է հասնել փուլային տարբերակով: Ընդ որում, «Հայկական վերածնունդը» կարծում է, որ պաշտպանության ոլորտի բյուջեի վրա դա ծախսային բեռ չի ավելացնի:
«Իսկ պրոֆեսիոնալ զինվորականների առավելությունն ապացուցելու կարիք չկա. նրանք ավելի պատրաստված են ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Դա մեր ծրագրի հիմնական կետերից է: Եվ դա դատարկ նախընտրական խոստում չէ: Մենք պատասխանատու ենք մեր խոսքերի համար: Բազմաթիվ երկրներ անցել են այդ ճանապարհով, եւ հարկավոր է պարզապես հաշվի առնել նրանց փորձը»,- նշեց Շահգելդյանը:




























