Արցախի հանրապետությունը ժողովրդավարության տեսանկյունից եւ ինստիտուցիոնալ առումով ավելի կայացած պետություն է, քան Հայաստանը: Մարտի 3-ին «Ղարաբաղյան հիմնահարցն ու Հայաստանի զինված ուժերը. Նախընտրական ծրագրեր» թեմայով համաժողովի ընթացքում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն Արցախից սովորելու բան ունի: «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման ուղիով: Դրանից հետո բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն խնդրի լուծման Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերակները: Փոխզիջումների հիման վրա դրա լուծումը չի բացառվում, բայց դա պետք է տեղի ունենա միայն ու միայն Արցախի հանրապետության միջազգային ճանաչումից հետո»,- ընդգծեց Գրիգորյանը:




























