Եթե ընտրություններն անարդար լինեն, «Հայկական վերածնունդ»-ն ամեն կերպ կբողոքի։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։
Նա չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը պատրաստ է Ազատության հրապարակում հանրահավաքների։ «Մենք միշտ հայտարարել ենք, որ կարեւորագույն հարցն արդար ընտրություններն են։ Բայց եթե մենք կեղծիքներ նկատենք, ապա կկիրառենք բողոքի բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ կհամարենք»,- ասաց Շահգելդյանը։
Նրա խոսքով՝ «Օրինաց երկրին» փոխարինած «Հայկական վերածնունդ»-ը պատրաստ է մտնել նոր, իշխող կոալիցիա, եթե վստահ լինի, որ կարող է ազդել որոշումներ կայացնելու վրա, ի կատար ածել այն, ինչ խոստացել է ընտրողներին։
«Իսկ եթե ոչ, ապա իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Մենք արդեն եղել ենք իշխանությունում եւ այնտեղից դուրս ենք եկել, որովհետեւ տեսանք, որ մեր առջեւ դրված նպատակներն իրականացնելն ավելի ու ավելի բարդ է դառնում»,- հավելեց պատգամավորը։




























