Առաջարկում եմ երկարաձգել Հայաստանի բանակում չծառայած քաղաքացիների հայրենիք վերադառնալու կարգի մասին օրենքի ազդեցությունը։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ինքը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը հինգերորդ գումարման խորհրդարանի վերջին օրինագիծն է դարձել։

«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեմ է այդ մարդկանց տունդարձի ճանապարհը բացելուն։ Բայց այդ հարցն օրենքով է կարգավորվում։ Իսկ դա նշանակում է, որ այն պետք է որոշի խորհրդարանը, ոչ թե Վիգեն Սարգսյանը»,- ընդգծել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ 2003 թվականին Հայաստանում ընդունվել է «Սահմանված կարգը խախտելով՝ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար 200 հազարական դրամ վճարող քաղաքացիները կարող էին Հայաստան վերադառնալ՝ առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Ավելի ուշ օրենքի ազդեցությունը երկարաձգվեց, սակայն 2015-ից ի վեր այն դադարեցին երկարաձգել։