Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն ակտիվ պատրաստվում են քարոզարշավի մեկնարկին։
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը մարտի 5-ին քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճում։ Ըստ տեղեկությունների, առաջին օրվա հանդիպմանը կմասնակցի նաեւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Քարոզարշավի ակտիվ մասնակցություն է ունենալու նաեւ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը։ Նա արձակուրդի չի մեկնելու, քարոզարշավ կանի շաբաթ- կիրակի օրերին եւ աշխատանքային օրերին ժամը 18։00-ից հետո։
«Ծառուկյան» դաշինքի խմբերը մարտի 5-ին կմեկնեն Տավուշ։ Դաշինքի բուն քարոզարշավը կմեկնարկի մարտի 7-ին. այդ օրը Տավուշում ընտրողների հետ կհանդիպի Գագիկ Ծառուկյանը։
Տավուշի մարզից քարոզարշավը կսկսի նաեւ «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքը։ Նրանք սահմանամերձ մարզ կմեկնեն մարտի 6-ին։ Ի դեպ, մարտի 5-ին դաշինքն առավոտյան այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետեւ Հաղթանակի զբոսայգի, իսկ արդեն ցերեկը ներկայացնելու է իր նախընտրական ծրագիրը։
Մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական են այցելելու նաեւ ԵԼՔ դաշինքի անդամները, այնուհետեւ երեկոյան կազմակերպելու են դրամահավաք մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Նշենք, որ մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ «Եռաբլուր» են այցելելու նաեւ ԵԿՄ անդամները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի ուղեկցությամբ։
Քարոզարշավի մեկնարկի օրն իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացնելու նաեւ «Ազատ դեմոկրատներ» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ «Հայկական վերածնունդը» որոշել է քարոզարշավը սկսել մարտի 6-ից. այդ օրը ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագիրը։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նույնպես մարտի 5-ից չի մեկնարկելու իր քարոզարշավը։
Նշենք, որ մարտի 5-ից մեկնարկող քարոզարշավը կտեւի 26 օր, ապրիլի 1-ը լռության օր է, իսկ ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։




























