Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է World Food Kazakhstan համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանն` առանձին տաղավարով:
Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն է ընձեռնվել իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին:
Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար են այցելել մեծ թվով հյուրեր, գործարարներ: Հայկական պատվիրակության անդամները կապեր հաստատեցին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ծանոթացան տեղի շուկայի պայմաններին եւ հնարավորություններին, հանդիպումներ ունեցան Ղազախստանի գործարար շրջանակների հետ:
World Food Kazakhstan միջոցառման վերջին օրը` նոյեմբերի 5-ին կազմակերպիչների կողմից Հայաստանի ներկայացուցիչներին է հանձնվել «Տարվա բացահայտումը» վկայագիրը` մասնակցության համար, իսկ «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի «Նաիրի» կոնյակը ճանաչվեց ցուցահանդեսի լավագույն արտադրանքը եւ արժանացավ ոսկե մեդալի:




























