Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «ապշած» է թուրքական ԶԼՄ-ներից մեկի հրապարակումից: Մասնավորապես խոսքը գնում է Թուրքիայում տպվող Bugun թերթի մասին, որը տեղեկացրել էր, թե հենց տարածվեց Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների նախաստորագրման մասին, Ադրբեջանի նախագահը, դադարեցնելով այցը Վրաստան, վերադարձել է երկիր եւ արտակարգ խորհրդակցություն հրավիրել:

Բացի այդ, համաձայն թուրքական թերթի, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները շտապ կարգով գործուղվել են Թուրքիա՝ հենց հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ քննարկումների համար: Տեղեկատվության այդ մասը Մամեդովը չի հերքել՝ հայտնելով միայն, որ «պատգամավորների այցը ծրագրված էր դեռ 2 ամիս առաջ»:

Հատկանշական է, որ ավելի վաղ ռուսաստանյան լրատվական REGNUM գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին, հայտնել էր, թե սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիեւը «արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ իր աշխատակազմի պատասխանատու ղեկավարների, Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների՝ ԷլմարՄամեդյարովի գլխավորությամբ, եւ երկրի ազգային անվտանգության նախարարության ղեկավարության մասնակցությամբ»: Համաձայն աղբյուրի, օրակարգում եղել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ադրբեջանի նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին ակտիվացնել թուրք գործընկերների հետ կապերը, նաեւ ապահովել ադրբեջանական տեսակետի լուսաբանումը թուրքական լրատվամիջոցներում: Բացի այդ Ադրբեջանի ԱԱՆ-ին հրահանգվել է անմիջական երկխոսություն սկսել Թուրքիայում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստների հետ, ուսումնասիրել թուրքական նահանգներում էթնիկ ադրբեջանցիների ակտիվացման հնարավորությունը: Աղբյուրը հաղորդել էր, թե առաջիկայում չի բացառվում Թուրքիայի որոշ տարածաշրջաններում սահմանի բացման դեմ բողոքի գործողությունների վերսկսումը: Աղբյուրը նաեւ հաղոդրել էր, որ Իլհամ Ալիեւի հրահանգով նախատեսվում է նաեւ թուրքական կապիտալով ձեռնարկություններում լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել Ադրբեջանի հարկային մարմինների կողմից:

Ընդ որում, եւ այս տեղեկատվությունը Բաքվում հերքեցին՝ աղբյուրին մեղադրելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ պառակտում մտցնելու, ԱՊՀ երկրների հասարակական կարծիքը մոլորության մեջ գցելու մեջ:

Միաժամանակ չափազանց կասկածելի է թվում, որ գործնականում միեւնույն տեղեկությունը տարածվում են ռուսական ու թուրքական աղբյուրներով, իսկ ալիեւյան աշխատակազմը համառորեն հերքում է այն՝ միաժամանակ «ապշելով»:

Ամենայն հավանականությամբ, խորհրդակցություն Ալիեւն իսկապես հրավիրել է, եւ անտրամաբանական կլիներ դա չանելը: Միայն թե թուրքական ներդրողների դեմ պատժամիջոցներ կիրառելու տեղեկատվության սպրդումը չէր մտնում բաքվեցի ռազմավարների պլանների մեջ: