Գալիք խորհրդարանական ընտրությունները բացառիկ են լինելու։ Այս մասին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով այն ծրագիրը, որով մասնակցելու է ապրիլի 2-ի խորհրդանական ընտրություններին
«Մենք երկար ենք գնացել նրան, որ ժողովրդին իրավունք տանք ընտրել կանոնադրական խորհրդարան։ Այդ խորհրդարանը կլինի շարժիչ ուժ, որը կգործարկի փոփոխություններ, որոնց համար հիմք է ստեղծվել սահմանադրական բարեփոխումներով։ Չի կարող լուծվել առանձին վերցված խնդիրը, եթե երկրում գործընթացները սխալ հունով են ընթանում։ Մենք չենք գնում ընտրություններին առանձին խնդիրները կամ առանձին անձանց խնդիրները լուծելու համար։ Մենք ընտրություններին գնում ենք, որպեսզի ներկայացնենք արված աշխատանքը ու ստանանք ժողովրդի մանդատը՝ բարեփոխումները մինչեւ վերջ հասցնելու աշխատանքները շարունակելու համար»,- նշել է Ռուստամյանը։
Նա շեշտել է, որ ՀՅԴ-ն խնդիր չունի որեւէ մեկի, որեւէ անձի հետ։ «Մենք չենք գնում ժողովրդի դժգոհությունը մեր նպատակներին ծառայեցնելու ճանապարհով։ Մենք չենք առաջնորդվելու պոպուլիզմով, բայց մտածելու ենք ժողովրդի շահերի մասին»,- վստահեցրել է Ռուստամյանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է վերացնել դժգոհության պատճառը։ Որպես այդպիսին՝ նա նշեց քաղաքական կարգի գոյություն ունեցած մենաշնորհը, որի ժամանակ հաղթողը ստանում էր ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ։ «Դա փոխվել է, այլեւս չի լինելու անձնիշխանության նախագական աթոռ։ Պարզապես վերացվել է այդ աթոռը։ Դրանով իսկ իշխանությունը մոտեցնելով ժողովրդին։ Դա վերացնում է շատ այլ խնդիրներ տնտեսության մեջ ու մարդու իրավունքների ոլորտում։ Դա հետագա բարեփոխումների նախադրյալներն են։ Մենք Հայաստանում ստեղծել ենք հնարավորություն, որ ժողովուրդն ինքը որոշի՝ թողնել իշխանությունը, թե փոխել»,- ասել է Ռուստամյանը։
ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ նման ջանքեր են գործադրվել նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից , բայց փողոցներում, ու դրանք ժողովրդին տարել են դեպի արկածախնդրություն։ «Մենք չենք գնացել այդ ուղով։ Փոփոխությունների երկու ուղի կա՝ կամ այունահեղությամբ, արտաքին, որը մեզ համար անընդունելի է, քանի որ երկիրը պատերազմական վիճակում է։ Կամ էլ ներսից՝ բարեփոխումներով»,- նշել է նա, հավելելով , որ դա էլ է դժգոհություն առաջացնում, բայց ՀՅԴ-ն պատրաստ է դրան։
Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ կարեւորագույն խնդիրն է թույլ չտալ նվազագույնի հասցնել արված աշխատանքի էֆեկտը։ Նրա խոսքով, կարող են գտնվել մարդիկ, որոնք գալով խորհրդարան ու գիտակցելով, որ ամբողջ իշխանությունը չեն ստացել, կորոշեն ամեն ինչ վերադարձնել նախկին վիճակին ։ «Տանել դեպի 90-ականների սկիզբ։ Չի կարելի թույլ տալ դա։ Պետք է այնպիսի խորհրդարան, որը կբարձրացնի բարեփոխումների իրականացման տեմպերը։ Որպեսզի ամեն ինչ թղթի վրա չմնա»,- ամփոփել է Ռուստամյանը։




























